Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) միջազգային ոչ առևտրային բնապահպանական կազմակերպություն է, որը զբաղվում է Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների լուսաբանմամբ։ Հիմնադրվել է 1948 թվականին։ Նպատակն է աշխարհի բոլոր կազմակերպություններին տրամադրել աջակցություն և օգնություն՝ պահպանելու բնության ամբողջականությունն ու բազմազանությունը, բնական պաշարների բանական և էկոլոգիապես կայուն օգտագործման ապահովումը։

Բնապահպանական միջազգային կազմակերպություններ, բնապահպանական ոչ կառավարական միավորումներ, որոնք համակարգում են պետությունների համապատասխան գործողությունները և նպաստում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում պետությունների միջև համագործակցության ամրապնդմանն ու ներդաշնակ գործողությունների իրականացմանը։ Բնապահպանական միջազգային կազմակերպությունները ժողովուրդների բազմակողմանի համագործակցության ձևերից են։

 

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն (WMO), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1950 թվականին։

Նպատակն է օդերևութաբանական դիտարկումների ոլորտում միջազգային համագործակցության համակարգումը, տեղեկատվության արագ փոխանակմանը նպաստելը և վիճակագրական տվյալների հրատարակումը։ Հիմնական գործողությունները իրականացվում են կլիմայի համաշխարհային ծրագրերի կատարման, մթնոլորտի, շրջակա միջավայրի, ջրային պաշարների ուսումնասիրությունների ոլորտներում։

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագիր (UNDP), հապավում ՄԱԶԾ, միջազգային կազմակերպություն է։ Հիմնադրվել է 1965 թվականին։ Նպատակն է զարգացող երկրներին օժանդակությունը՝ տնտեսական կայացման և բնական պաշարների արդյունավետ օգտագործման բնագավառում։ Հիմնական գործունեությունը ծավալում է բնական պաշարների ուսումնասիրության, տեղերում ուսումնական հաստատությունների և կիրառական հետազոտությունների համար նյութատեխնիկական բազաների ստեղծման ուղղությամբ։ Նստավայրը Նյու Յորքում է։

Բնության համաշխարհային հիմնադրամ, միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1961 թվականին։ Ունի մոտ 5 միլիոն մշտական հովանավոր և ազգային ընկերակցություններ։ Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։ Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը, աղտոտման նվազեցման և էներգիայի ու պաշարների արդյունավետ օգտագործման նպաստումը, բնապահպանական հիմնախնդիրների լուծման ռազմավարության մշակումը։ Նստավայրը Գլանդում է (Շվեյցարիա)։