Սոցիալական աշխատանքը Հայաստանում արդեն իսկ կայացող մասնագիտություն է և զարգացող գիտություն: Ժամանակագրականորեն այն մեզանում ասպարեզ եկավ անմիջապես անկախացումից հետո՝ որպես պատասխան երկրաշարժի, ղարաբաղյան պատերազմի, երկիր փախստականների աննախադեպ ներհոսքի, հանկարծահաս աղքատության և այլ պատճառներով երկրում ի հայտ եկած խորը ճգնաժամի: Միջազգային հանրության և հայկական սփյուռքի հումանիտար աջակցության, բազմաբնույթ
սոցիալական օգնության շնորհիվ մարդկանց օգնելու կայուն մեխանիզմներ
և տեխնոլոգիաներ ներդրվեցին՝ ստեղծելով առաջին սոցիալական ծառայությունները: Քառորդ դար անց մասնագիտությունը բավականին հայտնի է,
իսկ սոցիալական ծառայությունները դեռևս անկանոն, սակայն աստիճանաբար կայանում են: Սկիզբ առնելով հետանկախության տարիների հախուռն
գործընթացների շնորհիվ՝ մասնագիտությունը օտարաշունչ բնույթից աստիճանաբար հարմարվում-տեղավորվում է հայկական սոցիալական մշակույթի
համատեքստում՝ ենթարկվելով որոշակի սրբագրումների, այդպիսով բյուրեղանալով որպես հայկական, այսպես կոչված, տեղայնացված սոցիալական
աշխատանք1
: Սոցիալական աշխատանքի գիտելիքը, համընդհանրական
լինելուց զատ, նաև լոկալ է մշակութային նորմերի ու հավատալիքների
համատեքստում: Թե համընդհանրականը որքանով հարմարավետ կտեղավորվի տեղի կամ լոկալի համատեքստում, ուղղակիորեն առնչվում է ոչ
միայն ներկա իրողությունների, այլ նաև ակունքների, արմատների մեկնաբանությունների վերաիմաստավորման հետ: Հետադարձ հայացք նետելով
ու թերթելով այն էջերը, որոնք հայերի սոցիալական պրակտիկայում նախորդել կամ փոխարինել են սոցիալական աշխատանքին, հնարավորություն
ենք ստանում մի կողմից հասկանալ մասնագիտության և սոցիալական աշխատանքի գիտության ներկա զարգացումները, մյուս կողմից՝ իմաստավորել
տրամաբանական ու ցանկալի զարգացումների հետագա ընթացքը: