Տիգրան Բ-ին հաջորդեց թագաժառանգ Արտավազդ Բ-ն (Ք.ա. 55-34 թթ.), որը բազմակողմանի զարգացած, օտար լեզուների գիտակ, մտավորական անձնավորություն էր: Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Արտավազդը «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ»: Նա նաև հմուտ դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ռազմական գործիչ:

Արտավազդ Բ-ն գահ է բարձրացել Հայաստանի համար բարդ քաղաքական իրավիճակում: Արտաշատի հայ-հռոմեական պայմանագիրն/Ք․ա․ 66թ․/ արմատապես փոխեց ուժերի հարաբերակցությունն Առաջավոր Ասիայում: Հայոց թագավորությունը, որ երկար տարիներ հաջողությամբ պայքար էր մղում Հռոմի նվաճողական քաղաքականության դեմ, այժմ իր դիրքերը զիջեց Պարթևստանին: Հայաստանը հայտնվեց երկու հզոր տերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում ապահովելու նրա դաշնակցությունը:

Հայաստանի դիրքորոշումը դառնում էր չափազանց կարևոր, քանի որ նրանցից յուրաքանչյուրը փորձում էր տիրապետող դիրք ստանալ տարածաշրջանում և իշխել Արևելքում: Նման պայմաններում ի՞նչ դիրք էր գրավելու Մեծ Հայքի թագավորությունը: Հարցադրում, որ դրվեց Արտավազդի և նրա հաջորդների առջև մի քանի դար շարունակ:

Արտավազդ Բ-ն կողմնակից էր չեզոքության քաղաքականությանը: Նա փորձում էր երկու տերությունների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ պահպանել և թույլ չտալ, որ Հայաստանը ներքաշվի պատերազմների մեջ: Հակառակ դեպքում Արտավազդը հակված էր ընտրելու Հայաստանի համար առավել անվտանգ դաշնակցությունը: Դա երբեմն լինում էր Հռոմը, երբեմն՝ Պարթևստանը: Սակայն Հռոմը որպես առավել հզոր ուժ պակաս ցանկալի էր որպես դաշնակից, քանի որ բացահայտորեն սպառնում էր Հայաստանի անկախությանը: Ուստի Արտավազդ Բ-ն ավելի հաճախ հակվում էր դեպի Պարթևստանը:

Դիվանագիտական ճշգրիտ քայլերով Արտավազդը ձգտում էր պահպանել Հայաստանի՝ տարածաշրջանի երրորդ հզոր պետության տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:

Կրասոսի արևելյան արշավանքը և Հայաստանը

Ք.ա. 60 թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին մի դաշինք, որը պատմագիտության մեջ հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Ք.ա. 54 թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Փառասեր և մեծամիտ Կրասոսը, ինչպես գրում է ժամանակակից պատմիչը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան:

Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն: Հավատարիմ մնալով 66 թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալից քանակությամբ զինված ուժեր (16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևազոր): Սակայն Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից: Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով:

Տուն վերադառնալու ճանապարհին Արտավազդը լուր ստացավ, որ պարթևների Օրոդես թագավորը ներխուժել է Հայաստան և ասպատակում է երկրի հարավային տարածքները: Արտավազդը, բնականաբար, այլևս չէր կարող օգնական զորք տրամադրել Կրասոսին. նա պարտավոր էր պաշտպանել հայրենիքը: Իմանալով այդ մասին՝ Կրասոսը կոպիտ ու անքաղաքավարի խոսքերով Արտավազդին մեղադրեց դավաճանության մեջ և սպառնաց պարթևական արշավանքն ավարտելուց հետո պատժել հայոց արքային:

Արտավազդը՝ ցուցաբերելով ճկուն քաղաքական միտք և հեռատեսություն, փոխեց իր դիրքորոշումը և Օրոդեսին առաջարկեց դաշինք կնքել և համատեղ ռազմական գործողություններ ծավալել հռոմեացիների դեմ: Պարթևների թագավորը սիրով ընդունեց այս առաջարկը, և 54 թ. վերջերին Արտաշատում կնքվեց հայ-պարթևական մի համաձայնագիր, որն ամրապնդվեց հայոց թագավորի քրոջ և պարթևների թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ:

Այդ ընթացքում Կրասոսը, հսկայական կորուստներ տալով, Ք.ա. 53 թ. գարնանը հասավ Միջագետքի Խառան քաղաքը: Պարթևական բանակը դանդաղ նահանջում էր՝ երկրի խորքը ներքաշելով հռոմեական լեգեոններին: Սակայն շուտով պարթևները դադարեցին նահանջել, և Ք.ա. 53 թ. մայիսի 6-ին պարթև զորավար Սուրենը մեծ բանակով հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեական զորքը: Սպանվածների թիվն անցնում էր 20 հազարից, գերիներինը՝ 10 հազարից: Սպանվեցին նաև Կրասոսն ու նրա որդին: Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Սուրենը սպանված Կրասոսի գլուխն ուղարկում է Հայաստան: Այդ ժամանակ հայ և պարթև արքաները, նրանց մերձավորները Արտաշատի թատրոնում դիտում էին հույն նշանավոր թատերագիր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը: Հույն դերասան Յասոնը եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի գլխով և արտասանում. «Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս», ինչը մեծ ցնծությամբ ընդունվեց հանդիսականների կողմից: Նույն պատմիչի խոսքերով՝ «այսպես ավարտվեց Կրասոսի արևելյան արշավանքը, որը վերջացավ ողբերգության նման»: